Ապրիլի 19-ին մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների վերաբերյալ, պահանջելով իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած անձանց։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։
Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։
Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։