«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ դեկտեմբերի 20-ին ամփոփեց «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» 6-ամսյա ուսումնական ծրագիրը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ծրագրի շահառուներ, գործընկերներ, տարբեր ՔՀԿ-ների և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Ծրագրի ղեկավար, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց ծրագրի ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց կարևորությունը, նշելով, որ «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի անվանումը պատահական ընտրված չի եղել, քանի որ ծրագրի նպատակն էր աջակցել ՔՀԿ ներկայացուցիչներին ավելի ակտիվ և արդյունավետ օգտվել բաց տվյալների բազաներից, որոնք հասանելի են հանրությանը:
«Մենք՝ իբրև մեդիա կազմակերպություն, մշտապես հետևում ենք մեդիա տենդենցներին և կիսվում ենք ձեռք բերած նոր գիտելիքներով մեր գործընկերների հետ: Իսկ քաղհասարակության համար տվյալների հետ գրագետ աշխատանքը և դրանց կիրառումը չափազանց կարևոր է: Այսօր մենք ամփոփում ենք 6-ամսյա ծրագիրը, որի ընթացքում բազմաթիվ արժեքավոր նյութեր են ստեղծվել, թե՛ մեր կազմակերպության մենթորների, թե՛ մասնակից ՔՀԿ ներկայացուցիչների կողմից»,- նշեց Սուրեն Դեհերյանը: