«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն շարունակում է նպաստել պետական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի գծով աշխատակիցների մոտ տվյալների հետ աշխատելու հմտությունների բարձրացմանն ու ամրապնդմանը: Մայիսի 25-26-ը կայացավ «Տվյալների գրագիտություն» խորագրով ևս մեկ դասընթաց:
Այս անգամ դասընթացի մասնակիցների թվում էին Կառավարության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Հաշվեքննիչ պալատի, Բարձրագույն դատական խորհրդի, Պետական եկամուտների կոմիտեի, «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Կրթության տեսչական մարմնի, Կրթության և գիտության, Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
Դասընթացը վեցամսյա ծրագրի մաս է կազմում: Այն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։
Դասընթացի երկու օրերը հագեցած էին տեսական և գործնական աշխատանքներով, քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ:
Մասնակիցներին ներկայացվեցին առաջին խմբի հետ տարված աշխատանքների արդյունքները, որից հետո նրանք ծանոթացան տվյալների տեսակավորմանը, մշակմանը, խմբավորմանը, համադրմանը, վերլուծությանը: Գործնական աշխատանքների միջոցով փորձեցին տվյալների հիման վրա պատրաստել ինֆոգրաֆիկաներ: