2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւան» ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին լրանալու կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի լրագրողական կազմակերպությունները:
Բանն այն է, որ լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքերի առիթով հարուցված քրեական գործի քննության ընթացքի մեջ որեւէ առաջընթաց չկա:
Կազմակերպությունները իրենց վրդովմունքն են հայտնել քննության ընթացքի վերաբերյալ, եւս մեկ անգամ հանդես գալով ի պաշտպանություն հունիսի 23-ին տուժած լրագրողների իրավունքների:
Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։