21-րդ դարում գուցե դժվար է մոգոնել մի բան, որ մեզնից առաջ ոչ մեկ դեռ մոգոնած չլինի, բայց օրեցօր աճող ստարտափերի քանակն այլ բան է վկայում:
Համացանցում «ստարտափ» բառով տեղեկություն որոնողին «Գուգլ» որոնողական համակարգը մատուցում է հազարավոր, եթե ոչ միլիոնավոր հղումներ դեպի տարատեսակ մասնագիտական գրականություն և զանազան նախաձեռնություններ: Այլ կերպ ասած՝ թվում է, թե մտքիդ մի ստարտափ կա, մնում է մի երկու բան կարդալ և իրագործել: Բայց պետք է հիշել, որ ձախողվելու հավանականություն միշտ էլ կա, սակայն պետք է չմոռանալ, որ ձախողվելուց հետո նոր ստարտափ սկսելու հնարավորություն միշտ կա:
Հայաստանում արդեն կան ստարտափի և՛ հաջողված օրինակներ, և՛ բազմաթիվ անհաջող օրինակներ: Այդ մասին վերջերս խոսվեց նաև «Ստարտափ Արմենիա» կազմակերպության կողմից նախաձեռնած քննարկման ժամանակ: Միջոցառման առանցքային թեման հայկական ձեռներեցային էկոհամակարգն էր: Քննարկման ընթացքում հնչեցին հետաքրքիր մտքեր և տրվեցին օգտակար խորհուրդներ, որոնք միավորելով մեկ ուղեցույցի մեջ՝ փոխանցում ենք նրանց, ովքեր իրենց պահոցներում կուտակած գաղափարներ ունեն, բայց վստահ չեն՝ ինչից սկսել:
1. Կոտրե՛նք այն հին կարծրատիպերը, թե իբր գաղափարները քիչ են:
Ամենևին: Գաղափարները շատ են, բայց չկան մասնագիտական կողմնորոշում ունեցող կառույցներ: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ստարտափ ներկայացվի կոնկրետ ուղղվածություն ունեցող կառույց՝ «ճիշտ ստարտափ-ճիշտ մենթոր» սկզբունքով: